Մի փոքրիկ աղջկա պատմություն


Երեկո էր: Տանը միայն ես և մայրս էինք :Հայրս և եղբայրս գնացել էին մեր ամառանոց և այս  գիշեր ննջելու էին այնտեղ:Մենք հեռուստացույց էինք նայում: Մայրս լուրեր էր լսում: Հեռուստացույցում մի տղամարդ բողոքում էր մեր երկրից, իսկ նրա կողքին նստած էին մի երիտասարդ կին և մի տարիքով տղամարդ:Դա ինձ այդքան էլ չեր հետաքրքրում:Ես հայացքով մի հետաքրքիր բան էի փնտրում :
Ի վերջո կենտրոնացա մեր ննջարաններից մեկում դրված, հյուրերի համար նախատեսված մահճակալի վրա:Ես դեռ երբևէ մենակ չէի քնել,միշտ վախենում էի: Ինձ թվում էր թե սենյակի մի մութ անկյունից ինչ որ մեկը դուրս կթռչի ու ինձ կտանի:Ես միշտ մայրիկիս կամ հայրիկիս հետ էի քնում և նրանց ձեռքը ամուր բռնում էի՝ վախենալով այդ մո՜ւթ անկյուններից:Նայելով այդ մահճակալին ես նորից պատկերացնում էի այդ սև մարդուն կամ հոգուն , որը կտաներ ինձ և չգիտեմ ինչու լցվում էի համարձակությամբ: ԵՎ հանկարծ ես որոշեցի, որ այսօր առաջին անգամ պիտի մենակ քնեմ, առանց մայրիկի:
Մինչև քնելուս ժամը ես ինձ ոգևորում էի և լցվում համարձակությամբ:Միգուցե շատերի համար մենակ քնելը սովորական բան էր, բայց ինձ համար դա մի մեծ քայլ էր, որպեսզի ես դառնայի ինքնուրույն, «մեծ» և համարձակ:Ի վերջո եկավ այդ պատասխանատու պահը:Մայրս ասաց, որ արդեն ուշ է և որ գնանք քնենք:Այդ պահին ես համարձակ ձայնով ասացի.
- Մա՛մ, ես այսօր մենակ եմ ուզում քնել:
- Օ՜, իսկապես: Ետ ինչո՞ւ հանկարծ որոշեցիր մենակ քնել, չէ որ դու մինչ այս վախենում էիր:
- Ես այլևս չե՛մ վախենում:Վե՛րջ, ես մենակ եմ քնում:
- Համոզվա՞ծ ես,- ժպտալով հարցրեց մայրս:
- Այո՛, լիովին:Այս հարցը այլևս չի՛ քննարկվում,-հրամայական տոնով ասացի ես:
Մայրս զարմացած , բայց ինչպես ինձ թվաց հպարտ հայացքով նայում էր ինձ: Նա հասկանում էր որ ես չեմ դիմանա և պառկելուց մի քիչ հետո վազելով կգամ նրա մոտ, բայց ես իմ վրա հարյուր տոկոսով վստահ էի և պատրաստ էի մենակ մնալ այդ մութ սենյակում:
Ես լվացեցի ատամներս, հագա գիշերանոցս և համարձակ քայլերով գնացի և պառկեցի մահճակալին:Մայրս եկավ անջատեց լույսը:Ճիշտն ասած ես վախենում էի, իմ մտքով անցնում էր ամեն ինչ: Ես ուզում էի գնալ մայրիկիս մոտ, բայց իմ հպարտությունը ինձ թույլ չեր տալիս: Ես ուզում էի ապացուցել նրան որ ես այլևս չեմ վախենում և որ ինձ այլևս պետք չէ փոքրի նման վերաբերվել:Իմ վախն ու արժանապատվությունը կռվում էին իրար հետ: Նրանցից ամեն մեկը իրենն էր թելադրում:Մեկը ուզում էր քնել մենակ, իսկ մյուսը ուզում էր, որ ես մայրիկիս մոտ գնայի: Ես կռվում էի ինքս ինձ հետ, կիսվում 2 մասի:
Անցնում էին րոպեներ, իմ մեջ վախը ավելի ու ավելի էր մեծանում:Ես կուչ էի եկել վերմակի տակ և վախենում էի դուրս հանել գլուխս:Երկար, երկար տանջանքներից հետո ես իմ մեջ ուժ գտա վեր կենալու և անցնելու այդ մութ միջանցքով:Ես վազեցի այնպես, ասեց իմ ետևից մարդ էր վազում և ուզում ինձ բռնել: Վազեցի ու անմիջապես պառկեցի մայրիկիս կողքին, ամուր բռնեցի նրա ձեռքը, աչքերս պինդ փակելով:Մայրս ցածր ձայնով ծիծաղեց և ամուր գրկեց ինձ: Ես հասկանում էի որ իմ վախը նորից հաղթեց, բայց միևնույն է ես հպարտ էր որ գոնե փորձեցի:
Մենք բոլորս էլ մանուկ ժամանակ անցնում ենք այս փորձության միջով,իհարկե ամեն մարդու մոտ այն յուրովի է արտահայտվում և միգուցե մեր վախը մեզ հաղթում է , բայց միևնույն է մենք միշտ մեզ հպարտ ենք զգում, որ գոնե փորձեցինք, չէ որ մենք գիտենք որ մի օր հաստատ այդ վախը կհաղթահարենք:

0 Մեկնաբանություն.:

Отправить комментарий